Բջիջներ և հյուսվածքներ

Բջիջ համարվում է բոլոր կենդանի օրգանիզմների կառուցվածքի, ֆունկցիայի և գենետիկական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Շատ միկրոօրգանիզմներ (օրինակ՝ բակտերիաները, որոշ ջրիմուռներ ու սնկեր, նախակենդանիները) կազմված են 1 բջջից։ Բազմաբջիջ օրգանիզմները, որոնցից են բարձրակարգ բույսերն ու կենդանիները, այդ թվում և մարդը, կազմված են մեծ քանակությամբ բազմազան բջիջներից, որոնք միավորված են հյուսվածքներում ու օրգաններում։ Օրինակ՝ մարդու օրգանիզմը բաղկացած է մոտ 1014 բջիջներից։ Վերջիններիս կենսագործունեությունը հնարավոր է էներգիայի արտաքին աղբյուրների և քիմիական նյութերի օգտագործման շնորհիվ, որն անհրաժեշտ է բարդ կազմավորված ու փոխադարձ կապված բջջային կառուցվածքների սինթեզի և վերականգման, ինչպես նաև մասնագիտացված ֆունկցիաների կատարման համար։ Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է բջջապլազմայից և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝ ցիտոպլազմայից և կարիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ ու տարբեր ներառումներ։ Ներառումները բջջի գործունեության արգասիքների կուտակումներ են՝ բշտիկների կամ հատիկների ձևով։ Վերջիններս հարուստ են ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով, աղերով, որոնց քանակը փոփոխվում է բջջի գործունեության ժամանակ։ Ցիտոպլազման հոմոգեն, թափանցիկ մածուցիկ հեղուկ է, որում տարբերում են՝ հիալոպլազմա, օրգանոիդներ և ներառուկներ։ Ցիտոպլազման արտաքինից պատված է թաղանթով, որին անվանում են ցիտոպլազմային մեմբրան կամ պլազմոլեմ։ Բուսական բջջի պլազմոլեմն արտաքինից պատված է բջջապատով, որը հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Կենդանական բջիջների պլազմոլեմն արտաքինից պատված է 10-20 նմ հաստություն ունեցող գլիկոկալիքսով, որի հիմնական բաղադրամասերն են գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *